Գիտական ոլորտում անցկացվող մրցույթին երիտասարդ գիտաշխատողների թիվն ավելացել է, տարեցներինը` պակասել. Ս. Հարությունյան
Ավարտվել է ՀՀ պետբյուջեի հաշվին արդեն երկրորդ տարին գիտական ոլորտում անցկացվող մրցույթը, որը վերաբերում է գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտնականներին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, այս տարի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 300 գիտաշխատող. արդյունքները դեռևս ամփոփված չեն:
«Նախորդ տարի ևս մոտ 300 գիտնականներ են հայտ ներկայացրել, որոնցից 97 գիտնականներ հաղթող են ճանաչվել: Նրանք այն գիտնականներն են, որոնք միջազգային չափանիշներով ունեն բարձր որակավորում: Մրցույթում հաղթածները աշխատավարձից բացի ամեն ամիս` մեկ տարի շարունակ, տանում են պարգևավճար՝ 132.000 դրամ: Մրցույթն անցկացվելու է ամեն տարի, և եթե գիտնականը ակտիվ աշխատի ու բավարարի պահանջվող պայմանները՝ կառավարության կողմից հաստատված, կստանա պարգևավճար»,-ասաց նա:
Սամվել Հարությունյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ աճել է մրցույթին դիմած երիտասարդ գիտաշխատողների թիվը՝ մոտ 25%-ով, և պակասել առավել տարեցների թիվը:
«Ամենաշատ հայտատուները ֆիզիկայի ու աստղագիտության ոլորտից են՝ 74 հայտ, քիմիա՝ 37 հայտ, կենսաբանություն՝ 25 հայտ, մաթեմատիկա՝ 15 հայտ, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 14, ի դեպ, այս թիվը նախորդի նկատմամբ մոտ 40 տոկոսով աճել է: Ակտիվացել են կենսատեխնոլոգիայի ոլորտի մեր գիտնականները: Նախորդ անգամ տնտեսագիտությունից միայն երկու հայտ ունեինք, այս անգամ՝ 5-ը, այսինքն այստեղ նույնպես աշխուժություն է նկատվում: Պատմության ոլորտում նույնպես հայտերի աճ ունենք, սա ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է»,-ասաց նա:










