Skype-ի մշակողները ներկայացրել են Wire նոր մեսենջերը

17:06 • 03.12.14

Skype ծառայության հիմնադիրները մշակել են հաղորդակցության համար նոր Wire հավելվածը, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

 

Նախագծի ներդրողներից մեկը Skype-ի համահիմնադիր Յանուս Ֆրիիսն է, ով էլ ընկերության բլոգում հայտարարել է հավելվածի մեկնարկի մասին, գրում է korrespondent.net-ը:

 

Հավելվածը ստեղծվել է այնպես, որ առավելապես օգտագործվեն iPhone 6-ի, iPad-ի և նոր Android-սարքավորումների վերջին տեխնոլոգիական հնարավորությունները։ Ծառայությունը թույլ է տալիս բարձր որակով զանգեր կատարել և ստանալ, ուղարկել տեքստային հաղորդագրություններ, լուսանկարներ, անիմացիաներ (GIF), տեսահոլովակներ, փոխանակվել մեդիաֆայլերով այնպիսի ծառայություններից, ինչպիսին են SoundCloud-ը և YouTube-ը:

 

Այնուամենայնիվ, Wire-ի օգտատերերը դեռ չեն կարող օգտվել տեսակոնֆերանսի հնարավորությունից, բացակայում է նաև HTML5 ձևաչափի աջակցությունը: Նախատեսվում է, որ բոլոր այս հնարավորությունները կավելացվեն ավելի ուշ:

 

Ինչպես նշում է TechCrunch բլոգը, նոր հավելվածը տարբերվում է այլ նմանատիպ մեսենջերներից էլեգանտ մինիմալիստական դիզայնով, որն ավելի դուր կգա երիտասարդ օգտատերերին:

 

Նոր մեսենջերն արդեն հասանելի է անվճար iOS, Android և Mac OS X հարթակների համար: Մոտ ժամանակներս հեղինակները խոստացել են թողարկել նաև դիտարկիչների համար տարբերակը:

Skype-ի մշակողները ներկայացրել են Wire նոր մեսենջերը