Օբաման առաջարկել է 263 մլն դոլար հատկացնել ոստիկաններին տեսախցիկներով ապահովելու համար
ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել «Body Worn Camera Partnership Program» դաշնային ծրագիր ստեղծելու նախաձեռնությամբ, որի նպատակը կլինի ապահովել իրավապահ մարմինների աշխատակիցներին տեսախցիկներով։ Ծրագրի իրականացման համար առաջարկվում է տրամադրել 263 մլն դոլար, գրում է 3dnews.ru-ն։
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում ոստիկանների համազգեստին ամրացնել տեսախցիկներ, որոնք նրանք կկրեն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս։
Օբաման հույս է հայտնել, որ սա կօգնի իրավապահ մարմինների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնել։
Նման առաջարկը հնչել է Ֆերգյուսոնի դեպքերի հետ կապված ԱՄՆ-ում բողոքի ակցիաներից հետո։ Հիշեցնենք, որ սպիտակամորթ ոստիկանն օգոստոսին սպանել էր սևամորթ անզեն դեռահասի, այդ արարքից հետո ոստիկանին արդարացրել են։
Բողոքի ալիք է բարձրացել, քանի որ ոստիկանն իր կրակոցներն արդարացրել է նրանով, որ դեռահասը ծանր քաշ է ունեցել և ավելի բարձրահասակ է եղել, քան ինքը, ինչպես նաև՝ սպառնացել է իրեն։ Դեպքի հանգամանքները հնարավոր կլիներ ավելի արագ և հեշտ պարզել, եթե ոստիկանի վրա կամ նրա մեքենայում տեսախցիկ ամրացված լիներ։
Այժմ Օբամայի առաջարկն ուշադրության կենտրոնում է և արդեն ստացել է իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությունը։













