ՆԱՍԱ-ն հավելյալ գումարի կարիք ունի մարդկանց Մարս ուղարկելու համար. մասնագետ
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, մարդկանց հեռավոր «կարմիր մոլորակ» ուղարկելու համար հավելյալ ֆինանսների կարիք ունի: Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին տեղեկացրել է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի պրոֆեսոր, տիեզերքի գծով մասնագետ Ջոն Լոգսդոնը:
«Կան մի շարք տեխնիկական անորոշություններ, որոնց պատճառով այդ թռիչքը հնարավոր չէ իրականացնել ներկայիս բյուջեի պայմաններում: Նրանք հավելյալ ֆինասավորման, լավ մշակված թռիչքային ծրագրի ու ավելի շատ միջազգային համագործակցության կարիք ունեն»,-ասել է մասնագետը:
Աղբյուրը հավելում է, որ ուրբաթ օրը ՆԱՍԱ-ն բարեհաջող տիեզերք է արձակել Orion տիեզերանավը, որը նախատեսված է մարդուն Մարս տեղափոխելու համար: Նախատեսված է, որ գործակալությունն այդ առաքելությունն իրականացնելու է 2030-ական թվականներին:










