Apple-ի նախկին մենեջերն ազատազրկվել է մեկ տարով
Ամերիկյան Apple ընկերության համաշխարհային մատակարարումների հարցերով նախկին մենեջեր Փոլ Դիվայնը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման և 4,5 միլիոն դոլարի չափով տուգանքի՝ ընկերության գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու համար, գրում է korrespondent.net-ը:
Դատարանի տվյալներով՝ Դիվայնը միլիոնավոր դոլարներ է աշխատել Apple-ի կորպորատիվ գաղտնիքներն ասիական էլեկտրոնիկա հավաքող ընկերություններին տրամադրելով, որոնք օգտագործել են այդ տեղեկատվությունն ավելի արդյունավետ պայմաններով պայմանագրեր կնքելու համար:
Դիվայնն Apple-ում համաշխարհային մատակարարումների հարցերով մենեջերի պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականից մինչև 2010 թվականին իր ձերբակալությունը: Երեք տարի առաջ Apple-ի նախկին մենեջերը ճանաչել է իր մեղքը խարդախության, դավադրության և փողերի լվացման համար:
Սան Խոսեի դաշնային դատարանը հրապարակել է Դիվայնի դատավճիռն անցած շաբաթվա վերջին: Դատարանը չի բացատրել՝ ինչու է վճիռը հրապարակվել այդքան ուշ: Բացի այդ, չի նշվում, թե ինչու է ընտրվել պատժի հենց նման միջոցը, ի սկզբանե Դիվայնին սպառնում էր մինչև 20 տարվա ազատազրկում: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պատճառը կարող է լինել Դիվայնի համաձայնությունը՝ համագործակցել քննության հետ, ինչը պոտենցիալ թույլ կտա բացահայտել անօրինական շղթայի մյուս մասնակիցներին:










