Գիտնականներն աստղաբույլ են հայտնաբերել, որի բոլոր լուսատուները գրեթե նույն տարիքի են
Աստղաֆիզիկոսները հայտնաբերել են, որ NGC 1651 միջին չափսի աստղաբույլում բոլոր լուսատուները գրեթե նույն տարիքն ունեն: РИА Новости-ի փոխանցմամբ` իրենց հետազոտության արդյունքներն ու եզրահանգումները գիտնականները հրապարակել են Nature ամսագրում:
Համարվում է, որ աստղաբույլում աստղերի տարիքային տարբերությունը բավականին մեծ է լինում, չէ որ աստղային կուտակումները ձևավորվում են շուրջ 300 մլն տարվա ընթացքում: Այժմ գիտնականները եզրակացության են հանգել, որ աստղաձևավորման գործընթացը նման կուտակումներում առավել բարդ է, քան կարծում էին նախկինում:
NGC 1651-ը ցրված աստղաբույլ է, որը գտնվում է «Սեղանասար» (Mensa) համաստեղությունում:
Վերլուծելով տիեզերական աստղադիտակից ստացված տվյալները` հետազոտողների թիմը հայտնաբերել է, որ միջին չափսի մեծ աստղաբույլերում աստղերը կարող են մոտավորապես նույն տարիքի լինել:
Ուսումնասիրելով աստղերի ձևավորումն ու զարգացումը, այդ թվում` NGC 1651 աստղաբույլում ջրածնի այրման գործընթացը, աստղագետները զարմանքով են հայտնաբերել լուսատուների ջերմաստիճանի ոչ մեծ տարբերությունը, ինչը վկայում է աստղերի գրեթե նույն տարիքի մասին:










