Հնագետները Գալիլեայի ծովի ափին հնագույն քաղաքի ավերակներ են հայտնաբերել, որտեղ Քրիստոսը քարոզում էր աշակերտներին
Գալիլեայի ծովի ափերին հնագույն սինագոգ է հայտնաբերվել, որը, ըստ քրիստոնեական կազմակերպության, որին պատկանում է տարածքը, այն տաճարն է եղել, որտեղ Հիսուս Քրիստոսը հավաքել է իր աշակերտներին և քարոզել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` հնագետները պեղումներ են կատարել Իսրայելի հյուսիսային Միգդալ քաղաքի 2000-ամյա ավերակներում, որոնք թվագրվում են 1-ին դարին: Համարվում է, որ այդ քաղաքը գտնվում է հնագույն Մագդալա քաղաքի ավերակների վրա, որը Հիսուսի ամենահավատարիմ հետևորդներից մեկի` Մարիամ Մագդաղենացու ծննդավայրն է:
Գալիլեայի ծովի արևմտյան ափին նոր հյուրանոց կառուցելու նախապատրաստական աշխատանքների համար իրականացվող պեղումների ժամանակ հնագետները մանրակրկտորեն փորագրված քար են հայտնաբերել, որի վրա պատկերված է մենորա 7 տեղանոց մոմակալը, որը հուդաիզմի խորհրդանիշն է:
Այժմ «Քրիստոսի լեգեոններ» քրիստոնեական կազմակերպությունը, որին պատկանում է պեղումների տարածքը, որտեղ հայտնաբերվել է սինագոգը, հայտարարում է, որ այնտեղ, հավանաբար, քարոզչություն է իրականացրել Հիսուսը:
Հիշեցնենք, որ Գալիլեայի ծովի հյուսիսարևմտյան ափին հնագետներն անցյալ տարի ևս մեկ հայտնագործություն էին արել` հայտնաբերելով Դալմանուտա բիբլիական քաղաքը:













