Ճապոնացիները ներկայացրել են առաջին թափանցիկ սմարթֆոնը (լուսանկարներ)
Ճապոնական KDDI հեռուստահաղորդակցական ընկերությունը Տոկիոյում ներկայացրել է 4.7 դյույմ անկյունագծով Fx0 սմարթֆոնը, որի կորպուսը թափանցիկ է: Ինչպես գրում է Rbc.ru-ն` The Verge-ին հղումով, նորույթն աշխատում է Mozilla-ի Fire OS օպերացիոն համակարգի վերջին տարբերակով: Հեռախոսն արտադրում է LG ընկերությունը:
Fx0 սմարթֆոնի դիզայնով զբաղվել է հայտնի արդյունաբերական դիզայներ Տոկուձին Յոսիոկան, ում գործերը ցուցադրվում են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում:
Որպես հիմք նա վերցրել է այս տարի թողարկված LG G3 սմարթֆոնը, կորպուսին ոսկեգույն երանգ է հաղորդել և այն թափանցիկ է դարձրել, որի արդյունքում սարքավորման բոլոր ներքին մասերը տեսանելի են անզեն աչքով:
Սմարթֆոնի կենտրոնական Home ստեղնը պատկերված է Firefox-ի նշանի տեսքով: Հեռախոսը համալրվել է Snapdragon 400 պրոցեսորով` 1.2 գեգահերց հաճախականությամբ, 1.5 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Նորույթի արժեքը կազմում է 4200 դոլար: Հեռախոսը սահմանափակ քանակով վաճառքի կհանվի դեկտեմբերի 25-ին, իսկ զանգվածային վաճառքը Ճապոնիայում կսկսվի հունվարի 6-ին:














