Քնելուց առաջ iPad-ով ընթերցանությունը կարող է շատ վատ ազդեցություն ունենալ առողջության վրա
Հավանաբար լսել եք, որ քնելուց առաջ էկրանին նայելը կարող է վատ անդրադառնալ քնի վրա, բայց նոր հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ խնդիրը շատ ավելի լուրջ է, գրում է Huffington Post-ը:
Համաձայն Բոստոնի Brigham and Women's Hospital-ի նոր հետազոտության՝ քնելուց առաջ iPad-ով կարդալը ոչ միայն ավելի է դժվարացնում քնելը, այլև ազդում է հաջորդ օրը ձեր զգոնության ու ակտիվության վրա: Հետազոտության արդյունքները կարող են ազդել ցանկացած մեկի վրա, ով քնելուց առաջ օգտագործում է eReader, լեփթոփ, սմարթֆոն կամ հեռուստացույց:
Ինչպես նշել է հետազոտության համահեղինակներից մեկը, նախկին ուսումնասիրություններից հայտնի է, որ էկրաններից արձակվող լույսը փոխում է քնի և զգոնության ցուցանիշները և նվազեցնում է մելատոնինի մակարդակն օրգանիզմում: Հետազոտությունը ցույց է տալիս քնի վրա լույս արձակող սարքերով և տպագիր գրքերով կարդալու հետևանքների համեմատությունը:
Հեղինակները նշում են՝ եթե չեք ցանկանում զոմբիի պես լինել օրվա ընթացքում, կարդացեք տպագիր գրքեր: Քնի պակասը կապված է մի շարք այլ առողջական հիվանդությունների հետ՝ գիրություն, շաքարախտ, սրտանոթային հիվանդություն, իսկ մելատոնինի քրոնիկ ցածր մակարդակը կապված է որոշ տեսակի քաղցկեղների բարձր ռիսկայնության հետ:
Գիտնականները խորհուրդ են տալիս քնելուց առաջ խուսափել լույս արձակող էկրաններից, իսկ նրանց, ովքեր երեկոյան ստիպված են օգտագործել համակարգիչներ կամ այլ սարքեր, կարող են օգնության հասնել ծրագրերը կամ տեխնոլոգիաները, որոնք ֆիլտրում են և արգելափակում կապույտ լույսը:










