Facebook-ին պարտավորեցրել են պատասխանել օգտատերերի հաղորդագրությունները կարդալու վերաբերյալ հայցին
ԱՄՆ-ի Օքլենդ քաղաքի շրջանային դատավոր Ֆիլիս Հեմիլթոնի վճռի համաձայն՝ աշխարհի խոշորագույն սոցկայք Facebook-ը պարտավոր է պատասխանել դատական հայցին, որը վերաբերում է օգտատերերի հաղորդագրությունները կարդալուն:
Ինչպես նշում է reuters.com-ը, դեռևս 2013թ. օգտատեր Մեթյու Քեմփբլի ներկայացրած հայցում սոցկայքը մեղադրվում է գովազդային նպատակներով օգտատերերի անձնական հաղորդագրություններին ծանոթանալու համար:
Հայցվորի կարծիքով՝ ընկերությունը, դիմելով նման քայլի, խախտել է և՛ ԱՄՆ-ի դաշնային, և՛ Կալիֆոռնիա նահանգի օրենքը:
Facebook-ը փորձել է արդարանալ` նշելով, որ անձնական հաղորդագրություններին ծանոթանալն Էլեկտրոնային հեռահաղորդակցության մասին դաշնային օրենքում եղած բացառությունների մեջ է ներառված: Սրա հիման վրա ընկերության փաստաբանները խնդրել են դատարանից չքննել Facebook-ի դեմ ներկայացված հայցը:
Սակայն դատավորը որոշել է, որ Facebook-ը պարտավոր է պատասխանել հայցին, քանի որ սոցկայքն իր օգտատերերին բավարար բացատրություններ չի ներկայացրել` կապված հաղորդագրություններին ծանոթանալու հետ:










