Վարկանիշավորման նոր համակարգը կարտացոլի բուհերի օբյեկտիվ պատկերը. Արմեն Աշոտյան
2014 թվականին Հայաստանում առաջին անգամ փորձարկված` ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի միջոցով երեք առաջատար բուհեր են ճանաչվել Երևանի պետական համալսարանը, Ամերիկյան համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ հաշվի առնելով տարբեր բուհական առանձնահատկություններ վարկանիշային ցուցակը բաժանվել է 6 խմբի՝ ըստ կրթական աստիճանների և մասնագիտությունների:
«Այսուհետև այս համակարգի հիման վրա հասարակությանը ամեն տարի տալու ենք մեր բուհերի օբյեկտիվ պատկերը: Սա նաև լավ հիմք է մեր բուհերին, որպեսզի իրենք ուսումնասիրեն իրենց ուժեղ և թույլ կողմերը՝ հասկանալու, թե որտեղ է անհրաժեշտ հավելյալ ջանքեր ներդնել»,-ասաց նախարարը:
Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ վարկանիշի հիման վրա նախարարությունը ծրագրում է վերանայել պետական քաղաքականությունը՝ պետպատվերի ձևավորման սկզբունքները, իրականացնել աջակցություն և լրացուցիչ վերահսկողություն: Նախարարը նշեց, որ եղել են բուհեր, որոնք լիարժեք չեն լրացրել իրենց ցուցանիշները:
«Մի շարք բուհեր ուռճացված էին ներկայացրել իրենց ցուցանիշները, և այդ պատճառով մենք ունեինք խնդիրներ այդ տվյալների արժանահավատության առումով և վերամշակել ենք ներկայացված տվյալները՝ բխեցնելով իրական պատկերից»,-ասաց նա:
Գյումրու պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը իր հերթին կոչ արեց ավելի թափանցիկ դարձնել այն հիմքերը, որոնք ներկայացնում են բուհերը, որպեսզի ցանկացած բուհ հնարավորություն ունենա տեսնելու մյուսի տվյալները:
«Համակարգը որպեսզի ավելի արժանահավատ ու թափանցիկ լինի, մենք պետք է տեսնենք յուրաքանչյուրի բուհի ներկայացրած տվյալները: Ամեն մի բուհ կարող է ոչ արժանահավատ թվեր ներկայացնել, ցանկալի է, որ բուհերը հիմքերը ներկայացնի, ու նախարարությունը դրանք ստուգի: Դրանով ամեն մի բուհ կզգա ծրագրի կարևորությունը և պատասխանատվություն կունենա ներկայացել ավելի հավաստի տվյալներ: Ես չեմ ասում թե արժանահավատ չեն, բայց ես ուզում եմ, որ դրանք հասանելի լինեն, որ ավելի վստահելի լինեն»,-ասաց նա:










