«Մի հայը երկու հրեա արժե...». հայ Գալուստյանը և հրեա Ավերբուխը «մրցել են» Ուրգանտի շոուում. տեսանյութ
Ռուսաստանցի նշանավոր շոումեն Իվան Ուրգանտի շոուի վերջին թողարկմանը հյուրընկալվել են հանրահայտ դերասան, պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը և գեղասահորդ Իլյա Ավերբուխը:
Հանդիպումն ավարտվել է կատակ-սկետչով՝ «Հրեան` ընդդեմ հայի» ձևաչափում: Հայազգի Գալուստյանի և ծագումով հրեա Ավերբուխի առաջադրանքն էր` վաթսուն վայրկյանում հնարավորինս շատ բան գուշակել դիմացինի ազգության, ավանդույթների, կատակների և այլնի մասին, հայը՝ հրեայի, հրեան՝ հայի:
Սակայն հենց սկզբից Գալուստյանը նկատում է, որ իրականում այդ «մենամարտում» երկու հրեա են՝ մեկ հայի դեմ՝ նկատի ունենալով նաև Ուրգանտի հրեական ծագումը: Գալուստյանը, ըստ այդմ, կատակում է, որ այսօր «մեկ հայը երկու հրեա արժե»: Նա նաև օգտագործում է բառախաղի այլ հնարավորություններ:
Հարցուպատասխանից հետո Ուրգանտը կատակով ու կողմնապահություն անելով` հաղթանակի դափնին շնորհում է Ավերբուխին՝ հումոր անելով, թե հենց դա էլ հրեական դավադրությունն է: Գալուստյանն էլ նկատում է, որ իրականում ինքը զիջեց հրեաներին, քանի որ քանի դեռ հրեաները կան, «ձեռ են տալու նրանց», ոչ հայերին:











