Facebook-ը ներողություն է խնդրել «Տարվա ամփոփում» նախաձեռնության համար
Facebook սոցիալական ցանցը ներողություն է խնդրել, որ «Տարվա ամփոփում» տեսահոլովակները կարող էին հիշեցնել անցնող տարվա տհաճ իրադարձությունների մասին նույնպես, գրում է lenta.ru-ն:
«Տարվա ամփոփում» գործառույթը սլայդ-շոու է ստեղծում տարվա ընթացքում օգտատիրոջ ամենաշատ դիտված լուսանկարներից և գրառումներից՝ ժամանակագրական կարգով: Սլայդ- շոուի վերնագիրը հետևյալն է՝ «Սա հիանալի տարի էր: Ուրախ եմ, որ մենք այն միասին անցկացրինք»:
Սակայն Facebook-ի այս նախաձեռնությունը ոչ բոլորին է դուր եկել, որոշ օգտատերերի մոտ այս գործառույթը տհաճ հիշողություններ է առաջացրել: Նրանցից մեկը վեբ-դիզայներ Էրիկ Մայերն է, ով այս տարի կորցրել է իր վեցամյա դստերը: Նա գրել է բլոգում, որ Facebook-ը գովազդել է այդ գործառույթը՝ որպես գլխավոր նկար տեղադրելով նրա դստեր լուսանկարը՝ նկարազարդված կերպարների կողքին և նշել, որ մարդիկ, որոնց կյանքում ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել կամ ճգնաժամեր, չէին ցանկանա վերհիշել այդ տարին:
Տվյալ գործառույթի մենեջեր Ջոնաթան Գելերը ներողություն է խնդրել Մայերից և խորը ափսոսանք հայտնել, որ սլայդ-շոուն հիշեցրել է նրան ողբերգական իրադարձությունների մասին: «Հավելվածը հիանալի աշխատել է շատ մարդկանց համար, սակայն տվյալ դեպքում մենք նրան ցավ ենք պատճառել, այլ ոչ ուրախություն»,- ասել է նա և նշել, որ ծրագրավորողները կաշխատեն հավելվածի կատարելագործման ուղղությամբ:










