Microsoft-ը Spartan անվանումով նոր դիտարկիչ է ստեղծում
Ամերիկյան Microsoft կորպորացիան նոր դիտարկիչ է ստեղծում, որը դեռ ստացել է Spartan անվանումը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ZDNet ինտերնետային ամսագրին:
ZDNet-ի աղբյուրների տեղեկություններով՝ Spartan-ը կառանձնանա մեծ արագությամբ և շատ հարցերում կհիշեցնի մյուս հայտնի դիտարկիչները՝ Firefox-ը և Chrome-ը: Նախատեսվում է, որ այն շուկա դուրս կգա այն ժամանակ, երբ կավարտվեն Microsoft-ի նոր օպերացիոն համակարգի՝ Windows 10-ի վրա տարվող աշխատանքները:
ZDNet-ը նշում է, որ Spartan-ն Internet Explorer անվանումով Microsoft-ի դիտարկիչի հերթական՝ 12-րդ տարբերակը չէ: Ինտերնետային ռեսուրսի տվյալներով՝ Windows 10-ի թողարկման հետ միաժամանակ կներկայացվի և՛ Spartan-ը, և՛ Internet Explorer 11-ը: Ընդ որում՝ Spartan-ը հասանելի կլինի առնվազն երկու տարբերակով՝ բջջային հեռախոսների և անձնական համակարգիչների համար:
Ինչպես նշում է ZDNet-ը, Spartan-ը ծրագրի աշխատանքային անվանումն է: Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում այն կփոխվի: Microsoft-ը պատրաստվում է նոր դիտարկիչը ներկայացնել հունվարի 21-ից ոչ շուտ: Դա կարող է տեղի ունենալ նաև ավելի ուշ, եթե աշխատանքները բավականաչափ արագ չիրականացվեն:










