Nike-ը կթողարկի «Հետ դեպի ապագա» ֆիլմից հայտնի մարզակոշիկները
Nike ընկերությունը հաստատել է, որ 2015 թվականին կներկայացնի մարզակոշիկների նոր մոդել, որն ամբողջությամբ նմանակում է «Հետ դեպի ապագա- 2» ֆիլմի գլխավոր հերոս Մարտի ՄքՖլայի ինքնուրույն կապվող մարզակոշիկները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
1989 թվականին Ռոբերտ Զեմեկիսի նկարահանած հայտնի ֆիլմը պատկերում է ապագայի՝ 2015 թվականի բարձրտեխնոլոգիական կյանքը:
Ֆիլմի հեղինակների երևակայություններից շատերը մինչ այժմ չեն իրականացվել, սակայն դեռևս 2011 թվականին Nike-ը հայտարարել է, որ պատրաստ է թողարկել ավտոմատ աշխատող քուղերով կոշիկներ:
Այդ ժամանակ անգամ վաճառվել է 1.500 հատ կոշիկ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող գլխավոր հերոսի դերակատար Մայքլ Ջեյ Ֆոքսի հիմնադրամի բարեգործական աճուրդում:
Ֆիլմի բազմաթիվ երկրպագուներ պատրաստ են անմիջապես գնել «Մարտի ՄքՖլայի» կոշիկները, սակայն ընկերությունը դեռևս չի բացահայտում նոր մոդելի անգամ մոտավոր արժեքը:










