Հետտոնական սթրեսից դուրս գալուն օգնում է աշխատավայրում վերջին անգամ Ամանորը նշելը. հոգեբան

11:16 • 11.01.15

Աշխատավայրում հետտոնական սթրեսից դուրս գալու համար շատ ճիշտ է, երբ մարդիկ հիմնարկներում նշում են Ամանորը: Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ ընդգծելով, որ նորմալ երևույթ է, երբ տոնից հետո մարդիկ դժվարությամբ են գնում աշխատանքի և ժամանակ է հարկավոր, որպեսզի բոլորը հունի մեջ ընկնեն:

 

Նրա խոսքով՝ նույնիսկ տարօրինակ կլիներ, եթե մարդիկ այդպիսի զգացողություններ չունենային, քանի որ փաստացի կյանքի սովորական ընթացքը, երբ մարդը գիտի, որ վաղը առավոտյան գնալու է աշխատանքի ու հետո գա տուն, հանկարծ, դրանք ընդհատվում է տոնական օրերով և դա որոշակի լարվածություն է բերում։

 

«Հետո էլ որոշակիորեն սկսում են հարմարվել տոնական առօրյային, չաշխատելուն, առավոտյան ուշ արթնանալուն, մեկ էլ գալիս է ավարտը և սկսվելու է առօրյայի մեկ ուրիշ տեսակ: Այսինքն՝ նորից լարվածություն, առանց որի էլ անհնարին է կյանքը պատկերացնել»,- ասաց նա:

 

Կարինե Նալչաջյանն ընդգծեց, որ մեր կյանքում կան շարունակական երևույթներ և երբ դրանք խախտվում են՝ լավ կամ վատ իմաստով, մարդը որոշակի լարվածություն է ունենում ու թեթև սթրես է տանում:

 

«Ես չէի ուռճացնի այդ փոքրիկ սթրեսների նշանակությունը: Դրանք շատ նորմալ են, առանց որոնց մարդը չի կարող ապրել: Հասկանալի է, որ ձյուն է, ձմեռ է, մարդիկ մի քիչ էլ կուզեին տանը նստել, ծույլ առօրյայի մեջ ընկղմված, բայց կյանքը իրենն է թելադրում»,- ավելացրեց նա:

 

Հոգեբանն ընդգծեց, որ աշխատավայրում տոնը վերջին անգամ նշելը օգնում է աշխատանքի վերսկսմանը և ընդամենը 1-2 օր հետո մարդիկ տոնն ընկալում են որպես անցյալ և մտնում են իրենց սովորական առօրյայի մեջ։ Ըստ նրա՝ այս զգացողությունները շատ նորմալ են և մարդու համար մեծ ցնցումներ չեն առաջացնում:


 

 

Հետտոնական սթրեսից դուրս գալուն օգնում է աշխատավայրում վերջին անգամ Ամանորը նշելը. հոգեբան