Զատկի կղզու բնակիչները մահացել են եվրոպացիների բերած հիվանդությունների հետևանքով. գիտնականներ
Նորզելանդացի գիտնականները վստահեցնում են, որ Զատկի կղզու բնիկների անհետացման պատճառը եղել է արևմտյան քաղաքակրթությունը, գրում է Комсомольская Правда-ն։
Կղզու բնակիչների քաղաքակրթությունը ոչնչացրել է մեկ այլ քաղաքակրթություն։ 18-րդ դարի սկզբին Զատկի կղզի ժամանած եվրոպացիներն իրենց հետ բերել են սիֆիլիս և ծաղիկ հիվանդություն, որոնք ստրկության հետ միասին դարձել են կղզու քաղաքակրթության կործանման գլխավոր պատճառը։ Այդ մասին գրված է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Իրենց տեսությունն Օքլենդի համալսարանի գիտնականնները կառուցել են կղզու բնակիչների գյուղատնտեսական գործիքների վերլուծության վրա։ Գործիքների թվագրումը և վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքակրթության անկումը հանկարծակի չի եղել, ինչպես պետք է լիներ անտառների և ծառերի անհետացման դեպքում, այլ՝ աստիճանաբար և երկարատև։
Նորզելանդացի պատմաբանները եկել են այն եզրահանգման, որ կղզու բնակիչները վերջին ծառը կտրելուց հետո նորմալ ապրել են դեռ երկար ժամանակ։
Գիտնականները կարծում են, որ բնակիչները կարողացել են հարմարվել բերքատվության կտրուկ նվազմանը, որն առաջացել է ծառերի բացակայությունից, սակայն չեն կարողացել դիմանալ 1722-ին Եվրոպայից եկած անկոչ հյուրերին։
Եվրոպացիները նրանց բերել են հիվանդություններ, այդ թվում՝ սիֆիլիս և ծաղիկ, ինչպես նաև ստրկացրել են և տարել Ավստրալիա և Հարավային Ամերիկա։










