Facebook-ը պատրաստվում է աշխատանքի ընդունել 1.200 մարդու

08:39 • 20.01.15

Facebook ընկերությունը մոտ ժամանակներս պատրաստվում է աշխատանքի ընդունել 1,2 հազար մարդու՝ իր բիզնեսի նոր ուղղությունները զարգացնելու համար, ներառյալ՝ վիրտուալ իրականության տեխնոլոգիաները և անօդաչու թռչող սարքերի ստեղծումը, գրում է lenta.ru-ն:

 

Reuters գործակալության տվյալներով՝ արդյունքում Facebook-ի անձնակազմը կարող է ավելանալ մոտ 14 տոկոսով: 2014 թվականի սեպտեմբերի վերջին Facebook-ում մշտական հիմունքներով աշխատում էր մոտ 8,3 հազար աշխատակից՝ շատ ավելի քիչ, քան Google-ում (55 հազար) և Microsoft-ում (127 հազար):

 

Facebook-ի կազմում ամենաարագ աճող նոր բիզնեսներից մեկը, ելնելով թափուր աշխատատեղերի ցանկից, կդառնա վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ուղղությունը: Անցած տարի Facebook-ը 2 միլիարդ դոլարով ձեռք է բերել Oculus Rift ընկերությունը, որն աշխատում է վիրտուալ իրականության ակնոցների ստեղծման ուղղությամբ:

Facebook-ը պատրաստվում է աշխատանքի ընդունել 1.200 մարդու