Չինաստանում հաքերները կոտրել են Microsoft Outlook փոստային ծառայությունը
Չինաստանում հաքերները հարձակում են գործել և կոտրել Microsoft ընկերությանը պատկանող Microsoft Outlook փոստային ծառայությունը, գրում է rg.ru-ն՝ greatfire.org-ին հղումով։
Չարագործները կարողացել են ստանալ փոստով ուղարկվող և ստացվող տվյալների ազդանշանները։
Ընդ որում՝ IMAP և SMTP պաշտպանված պրոտոկոլով գործող ծառայության օգտատերերն այդ պահին սկսել են զգուշացումներ ստանալ այն մասին, որ չեն կարող նամակներ ուղարկել կամ ստանալ։
Զգուշացման մեջ ասվել է, որ ընկերությունը չի կարողանում ստուգել սերվերի ինքնությունը, ինչին ուշադրություն չդարձնելով՝ օգտատերերը շարունակել են իրենց գործողությունները, որի հետևանքով նամակները, կոնտակտները և գաղտնաբառերը հայտնվել են հաքերների ձեռքում։
Հարձակումը տևել է մեկ օր, որն ըստ GreatFire-ի՝ կարող էր կազմակերպված լինել չինական իշխանությունների կողմից՝ քաղաքացիներին վերահսկելու նպատակով։
Կայքը խորհուրդ է տվել նման զգուշացումների դեպքում զգուշանալ և զերծ մնալ գործարքները շարունակելուց։











