Փերինչեքը կմասնակցի ՄԻԵԴ-ում կայանալիք դատավարությանը. թուրքական դատարանը չեղարկել է արգելքը
Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի փաստաբան Զեյնեփ Քյուչուքը դիմել էր դատարան՝ պահանջելով չեղարկել իր պաշտպանյալի հանդեպ կիրառվող Թուրքիայից դուրս գալու արգելքը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, փաստաբանը հիշեցրել է, որ Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների միջազգային դատարան։ Հունվարի 28-ին կայանալու է Շվեյցարիայի բողոքարկման քննությունը, ինչին Փերինչեքի ներկայությունը չափազանց կարևոր է։
Դատարանը վճռել է, որ «1915թ.-ի դեպքերի վերաբերյալ թուրքական թեզերը ներկայացնելու համար Փերինչեքի ներկայությունը կարևոր է» և վճռել է չեղարկել արգելքը:
Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը: Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով:
Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: Մեր երկիրը ՄԻԵԴ-ում կներկայացնի միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Ալամուդինը, ով հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ ամուսնանալուց հետո վերցրել է նրա ազգանունը։










