Թուրքական իշխանությունները սպառնում են արգելափակել Twitter-ը
Թուրքիայի կառավարությունը սպառնում է արգելափակել Twitter-ը, քանի որ սոցցանցը հրաժարվել է փակել ընդդիմադիր թերթի միկրոբլոգը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ Ադանա քաղաքի դատարանը լրատվական գործակալություններին ու թերթերին արգելել է լուսաբանել ու մեկնաբանել Սիրիայի տարածք հումանիտար օգնություն ուղարկելու լուրը:
Տեղական լրատվամիջոցները պնդում են, որ զենքերով լեցուն բեռնատարներ են ուղարկվել Սիրիա՝ կառավարական ուժերի դեմ պայքարի համար: Թուրքական իշխանությունները հերքում են այդ տեղեկությունը՝ նշելով, որ բեռնատարները Սիրիայի խաղաղ բնակիչների համար են հումանիտար օգնություն տարել:
Թուրքական իշխանությունների կարծիքով՝ տեղական լրատվամիջոցների նման պահվածքը սպառնում է ազգային անվտանգությանը, քանի որ թեմայի լուսաբանումն արգելված է եղել: Ընդդիմադիր Halki Gazetesi-ն, սակայն, շարունակել է այդ մասին գրել Twitter-ի իր միկրոբլոգում:
Կառավարությունը պահանջել է փակել թերթի էջը, սակայն սոցցանցը հրաժարվել է դա անել:










