Facebook-ը կեղծ նորությունների դեմ պայքար է սկսել սոցցանցում

10:24 • 21.01.15

Facebook սոցիալական ցանցը սկսել է իր կայքում կեղծ և օգտատերերին մոլորեցնող նորությունների դեմ պայքարը: Այդ մասին ասված է Facebook-ի կորպորատիվ բլոգում, գրում է lenta.ru-ն:

 

«Այսօր լրահոսի թարմացումը կնվազեցնի այն նորությունների տարածման ակտիվությունը, որոնք օգտատերերը նշել են որպես կեղծ, և կսկսի նախազգուշացումներ ավելացնել նրանց, ովքեր ստացել են այդ տեսակի շատ նշագրումներ»,- ասված է Facebook-ում:

 

Կեղծ գրություններ ասելով՝ Facebook-ը հասկանում է խարդախ գրառումները, ինչպես, օրինակ, «Սեղմեք այստեղ, որպեսզի շահեք սուրճի պաշար ողջ կյանքի համար», կամ «Գիտնականները հաստատել են Սանտա Կլաուսի գոյությունը»:

 

Ավելի վաղ Facebook-ը հավելել է լրահոսում գրառումը որպես սուտ նշելու հնարավորությունը: Սոցցանցը հաշվի կառնի, թե որքան հաճախ են օգտատերերը գրառումը նշել որպես ստահոդ: Նման գրառումներն ավելի քիչ կցուցադրվեն Facebook-ում: Որոշ նորությունների առաջ կհայտնվի նաև նախազգուշացում. «Շատ օգտատերեր հայտնել են, որ այս գրառումը պարունակում է սուտ տեղեկություն»:

Facebook-ը կեղծ նորությունների դեմ պայքար է սկսել սոցցանցում