Չինաստանը 242 մլրդ դոլար արժողությամբ երկաթգիծ կկառուցի Պեկինից Մոսկվա
Չինաստանը Պեկինն ու Մոսկվան իրար կապող՝ 1,5 տրիլիոն յուան (242 միլիարդ դոլար) արժողությամբ գերարագընթաց երկաթգիծ կկառուցի: Այդ մասին հայտնել են Պեկինի քաղաքային իշխանությունները, գրում է ria.ru-ն:
Երկաթգծի ընդհանուր երկարությունը 7.000 կիլոմետր կլինի: Դրա ուղեգիծը կանցնի Ղազախստանով, իսկ ճանապարհի տևողությունը կլինի երկու օր:
Երկաթուղային ճանապարհը կկարողանա թեթևացնել Պեկինից Մոսկվա ճանապարհորդությունը և կրճատել ճանապարհի տևողությունը, նշված է Weibo սոցիալական ցանցում կառավարության հայտարարության մեջ:
Bloomberg գործակալությունը նշում է, որ Չինաստանն առաջ է տանում երկաթգծերի ոլորտում իր գերարագ տեխնոլոգիաները միջազգային մակարդակում՝ հավելելով, որ երկաթուղային ճանապարհի կառուցման մասին նորությունները հայտնվում են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սառեցման և նավթի գների անկման հետևանքները հաղթահարելու Ռուսաստանի փորձերի ֆոնին:










