ՀՕՖ-ը 108 երիտասարդ գիտնականների դրամաշնորհներ հանձնեց
Հայ օգնության ֆոնդի կողմից այսօր 108 գիտնականներ ստացան դրամաշնորհներ՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության, հայագիտության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
Մրցույթին ներկայացվել է 174 հայտ, որոնցից հաղթող է ճանաչվել 30-ը: Յուրաքանչյուր հայտը ներկայացվել է գիտնականների մեկ խմբի կողմից, այսինքն` 30 խմբի մեջ ներգրավված են եղել 108 երիտասարդ գիտնականներ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Հայ օգնության ֆոնդի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, գիտական աշխատանքները ուսումնասիրում է հետազոտական խորհուրդը, որը գործում է Նյու-Յորքում և ամեն ինչ արվում է անաչառ սկզբունքով:
«Մեր գիտնականների աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան են, և կարող ենք հպարտանալ, որ այդպիսի գիտնականներ ունենք: Սրանք ամպագոռգոռ բառեր չեն, գիտական աշխատանքների որակն է այդ մասին վկայում և այն, որ գնահատողները միջազգային համբավ ունեցող գիտնականներ են, անգամ դրանցից երկուսը՝ Նոբելյան մրցանակակիրներ: Ես չգիտեմ՝ նրանք ովքեր են, քանի որ այդ գիտնականների անունները գաղտնի են պահվում»,-ասաց նա:
Էդուարդ Կարապետյանը ուրախությամբ նաև փաստեց, որ գիտական խմբերի ղեկավարներից 19-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, իսկ 15-ը՝ կանայք:
Նշենք, որ յուրաքանչյուր խմբին տրվող դրամաշնորհը կազմում է 5000 ԱՄՆ դոլար:
«Գումարը այնքան էլ մեծ չէ գիտությունը զարգացնելու համար, բայց մեծ հնարավորություն է տալիս շարունակել զբաղվել գիտական հետազոտություններով, իսկ հետագայում այդ ծրագրերով ստանալ ավելի մեծ դրամաշնորհներ»,-ասաց ՀՕՖ-ի փոխնախագահը:
Նշենք, որ ՀՕՖ-ի ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի տրամադրած դրամաշնորհներից բացի, ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ 2014թ-ին հինգ, իսկ այս տարի՝ 2 լրացուցիչ դրամաշնորհ է հատկացվել երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերին:










