WikiLeaks-ը Google-ց բացատրություններ է պահանջում ՀԴԲ-ին տվյալներ փոխանցելու առնչությամբ

10:56 • 26.01.15

WikiLeaks կազմակերպությունը Google ընկերությունից բացատրություններ է պահանջում, թե ինչու է այն մոտ երեք տարի թաքցրել ամերիկյան իշխանություններին գաղտնի տեղեկությունների բացահայտման կայքի աշխատակիցների մասին տեղեկություն փոխանցելու փաստը, գրում է ТАСС-ը:

 

Խոսքն ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներին WikiLeaks-ի երեք աշխատակիցների թվային տվյալների և էլեկտրոնային նամակների հասցեների տրամադրման մասին է: Նշվում է, որ տեղեկություններ ստանալու գաղտնի օրդերները դաշնային դատավորը տրամադրել է դեռևս 2012 թվականի մարտին:

 

WikiLeaks-ը նամակով դիմել է Google-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդթին, որտեղ իր բողոքն է հայտնել: Կազմակերպությունում ընդգծել են, որ անհանգստացած են այդ փաստերի վերաբերյալ, որոնք աշխատակիցներին փաստացիորեն զրկել են «մասնավոր կյանքի և անօրինական խուզարկումներից ազատության» իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:

 

Կազմակերպությունը պահանջում է Google-ից բացահայտել Հետաքննությունների դաշնային բյուրոյին փոխանցված նյութերի ողջ ցանկը, բացատրություններ տալ, թե արդյոք ընկերությունը որևէ կերպ փորձել է վիճարկել օրդերները:

WikiLeaks-ը Google-ց բացատրություններ է պահանջում ՀԴԲ-ին տվյալներ փոխանցելու առնչությամբ