Apple-ը կարող է առաջ անցնել Samsung-ից՝ սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով. Wall Street Journal

15:43 • 27.01.15

Ամերիկյան Apple ընկերության iPhone սմարթֆոնի վերջին մոդելների վաճառքի ցուցանիշները թույլ են տալիս հասնել մրցակից Samsung ընկերության ցուցանիշներին և պայքարել աշխարհում սմարթֆոնների վաճառքի առաջատարի կոչման համար, գրում է gazeta.ru՝-ն The Wall Street Journal-ին հղումով:

 

Ինչպես հիշեցնում է թերթը՝ վկայակոչելով Canalys-ի տվյալները, Samsung-ն առաջ է անցել Apple-ից 2011-ի երրորդ եռամսյակում՝ դառնալով սմարթֆոնների ամենախոշոր արտադրողն աշխարհում:

 

Այդ ժամանակից ի վեր հարավկորեական ընկերությունն առաջատար է իր սմարթֆոնների լայն տեսականու շնորհիվ, ասվում է հոդվածում:

 

Իսկ այժմ Samsung-ի մասնաբաժինը նվազել է, քանի որ գնալով նվազում են առաջատար մոդելների վաճառքի ցուցանիշները, ինչպես նաև աճում է մրցակցությունը զարգացող շուկաներում: Անցյալ տարվա երրորդ եռամսյակում Samsung-ն արտադրել է շուրջ 78 միլիոն սմարթֆոն:

 

Ինչ վերաբերվում է Apple ընկերությանը, ապա iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի վաճառքի մեկնարկից հետո, ամերիկյան ընկերությունը վաճառել է 66,5 մլն սմարթֆոն, ինչը 30%-ով ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից:

 

Canalys-ի վերլուծաբան Քրիս Ջոնսը գտնում է, որ երկու ընկերությունների վաճառքի ցուցանիշներն առավելագույնս քիչ են տարբերվելու միմյանցից:

 

Apple և Samsung ընկերությունները հրաժարվել են նման տեղեկության շուրջ մեկնաբանություններ տրամադրել The Wall Street-ին։

 


 

Apple-ը կարող է առաջ անցնել Samsung-ից՝ սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով. Wall Street Journal