Facebook-ն ու Instagram-ը մոտ 1 ժամ հասանելի չեն եղել հաքերային հարձակման պատճառով. ԶԼՄ-ներ

12:27 • 27.01.15

Այսօր աշխարհի տարբեր երկրներում Facebook և Instagram սոցիալական ցանցերը մոտ 1 ժամ հասանելի չեն եղել ենթադրյալ կիբերհարձակման պատճառով, գրում է Daily Mail-ը:

 

Lizard Squad առցանց խմբի հաքերները ստանձնել են հարձակման պատասխանատվությունը: Երկու կայքերը, որոնք ընդհանուր առմամբ ունեն 1,5 միլիարդ օգտատեր, հասանելի չեն եղել Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Ասիայում:

 

Չնայած նրան, որ հաքերները պնդում են, որ սոցիալական մեդիա հսկաների աշխատանքի խափանումն իրենց պատճառով է եղել, Facebook-ը, որին պատկանում է նաև Instagram-ը, հրաժարվել է նշել պատճառները:

 

Համացանցում քննարկվում է նաև այն վարկածը, թե Ամերիկայի արևելյան ափ հասած սաստիկ ձնաբուքը կարող էր վնասել սերվերները:

 

Աշխատանքի խափանումը տարածվել է նաև Tinder բջջային հավելվածի, ինչպես նաև AOL Instant Messenger-ի և Hipchat-ի վրա:

 

Lizard Squad-ը հաքերային խումբ է, որը ստանձնել է Sony PlayStation Network-ի, Microsoft-ի Xbox Live ցանցի և Malaysia Airlines-ի կայքի վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը:

Facebook-ն ու Instagram-ը մոտ 1 ժամ հասանելի չեն եղել հաքերային հարձակման պատճառով. ԶԼՄ-ներ