Գարնանը կմեկնարկեն Կարմիր բլուր դամբարանադաշտի պեղումների աշխատանքները

12:50 • 12.02.15

Գարնանը կմեկնարկեն Կարմիր բլուրի դամբարանադաշտի պեղումների լայնածավալ աշխատանքները:


Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է «Պատմամշակութային  ժառանգություն»  գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Կարմիր բլուր հնավայրում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը։


«Կարմիր բլուրի դամբարանադաշտը երկար տարիներ գտնվում էր շինարարական աղբի տակ, և երկու տարի առաջ մենք հայտնաբերեցինք այն: Պատկերացում չունեինք, որ այնտեղ կարող են գտնվել մի քանի հարյուր դամբարաններ», - ասել է Հակոբ Սիմոնյանը:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման ընթացքում Կարմիր բլուր պատմամշակութային հնավայրում հայտնաբերված դամբարանադաշտի պեղման աշխատանքները նախատեսված է ամբողջությամբ իրականացնել ընթացիկ տարում, որից հետո կշարունակվեն այդ տեղով անցնող ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: 


Ինչպես տեղեկացրել է  «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրենը՝ պեղումները նախորդ տարիներին մասնակի իրականացվել են, սակայն այս տարի դրանք կիրականացվեն ավելի մեծ ծավալով:


«Դամբարանադաշտում հավանաբար ընդգրկված կլինեն տարբեր դարերի դամբարաններ, սակայն ամենայն հավանականությամբ դրանց ամենամեծ զանգվածը կկազմեն մ.թ.ա. 7-րդ դարի՝ Կարմիր բլուրի ծագման շրջանի դամբարանները: Մենք մեծ սիրով կպահեինք դամբարանադաշտը, սակայն արդեն որոշված է, որ դրա վրայով անցնելու է ավտոճանապարհ, և ճանապարհը հնարավոր չէ տեղափոխել, քանի որ մի կողմում գտնվում է Չարբախի քաղաքային գերեզմանոցը, իսկ մյուս կողմում՝ Արդեն Կարմիր բլուրի բուն միջնաբերդը», - ասել է Հակոբ Սիմոնյանը:

«Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրենը հավելեց, որ այն մեկ տարում ամբողջացնելու առումով հանդիսանալու է հսկայական ծավալ ունեցող աշխատանք, իսկ ճանապարհի ծրագիրը հաստատվել է դեռ մինչև դամբարանադաշտի հայտնաբերումը, և այն հնարավոր չէ չեղյալ հայտարարել:

Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր ուրարտական քաղաքը  գտնվում է Հրազդան գետի ձախ ափին: Այն կառուցվել Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ի կողմից՝ մ. թ. ա.  VIIդ. առաջին կեսին։  Թեյշեբաինին ուներ  ճիշտ հատակագծված փողոցներ, որոնք համապատասխանում էին թաղամասերին ու պարունակում բնակելի շենքերի տարբեր կոմպլեքսներ։ Այս ամենը ցույց է տալիս, որ քաղաքը կառուցվել է ըստ նախօրոք մտածված հատակագծի և բնակեցվել է կառուցապատվելուց հետո միայն։ Նրա կենտրոնական մասում   բնակիչներն իրենք տներ չէին կառուցում, այլ բնակվում էին պետության կողմից կառուցված տներում։

 

Գարնանը կմեկնարկեն Կարմիր բլուր դամբարանադաշտի պեղումների աշխատանքները