Օբաման հայտնել է, թե ինչ համակարգչային գաղտնաբառեր է օգտագործել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սթենֆորդի համալսարանում կիբերանվտանգությանը նվիրված գագաթաժողովի ժամանակ խոստովանել է, որ նախկինում իր թվային ռեսուրսների համար չափազանց պարզ գաղտնաբառեր է օգտագործել, գրում է New York Daily News-ը:
Մասնավորապես՝ Օբաման նշել է, որ իր նախկին գաղտնաբառերի թվում են եղել 1-ից 7-ը թվերը՝ հերթականությամբ, ինչպես նաև password բառը, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է՝ գաղտնաբառ:
Համակարգչային անվտանգության հարցում սեփական անփույթ վերաբերմունքի օրինակը նախագահը բերել է, որպեսզի ընդգծի նույնականացման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը:
Նրա կարծիքով՝ բավական խելամիտ կլինի նույնականացման այնպիսի նոր մեթոդների անցնել, ինչպես կենսաչափությունն է:
Օբաման կոչ է արել տեխնիկայով զբաղվող ընկերություններին կառավարության հետ կիսվել առաջացող կիբերվտանգների մասին տեղեկություններով:










