iCa՞r. Apple-ը գաղտնի աշխատում է էլեկտրական մեքենայի դիզայնի ուղղությամբ. Independent
Ամերիկյան Apple ընկերության վերջին սարքը՝ Apple Watch-ը, դեռևս չի թողարկվել: Սակայն աշխարհի ամենահարուստ ընկերությունն արդեն իր ռեսուրսներն օգտագործում է մի նախագծում, որը կդառնա մինչ այժմ իր ամենակարևոր նախագիծը, գրում է The Independent-ը:
Տեղեկությունների համաձայն՝ Apple-ում հարյուրավոր մարդիկ գաղտնի աշխատում են էլեկտրական մեքենայի դիզայնի վրա, որը ստացել է «Տիտան» կոդային անվանումը: Մինչ այժմ ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություններ տրամադրել նախագծի վերաբերյալ, բայց ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները The Wall Street Journal-ին հայտնել են, որ այն ցանկանում է հեղափոխել էլեկտրական մեքենաները ճիշտ այնպես, ինչպես iPhone-ը ցնցեց սմարթֆոնների շուկան:
Հաղորդվում է, որ «Տիտան» նախագծի մեկնարկը տրվել է մոտ մեկ տարի առաջ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկի կողմից, ով հանձնարարել է արտադրանքի դիզայնի փոխնախագահ Սթիվ Զադեսկիին ղեկավարել խումբը: Նախկինում Ford-ում աշխատած ինժեները ղեկավարել է նաև iPod-ը և iPhone-ը ստեղծած թիմերը:
Զադեսկիին թույլտվություն են տվել ստեղծել 1000-հոգանոց թիմ, որը կաշխատի մեքենայի վրա: Տեղեկությունների համաձայն՝ «ավտոմոբիլային հետազոտական լաբորատորիան» հիմնվել է Սիլիկոնյան հովտում գտնվող գաղտնի վայրում անցած տարեվերջին, և ենթադրվում է, որ վերջնական արտադրանքը կարող է թողարկվել մի քանի տարի անց։:










