Մի գեղեցիկ օր ընդունելության քննությունները կանցնեն կոմպյուտերացված համակարգով. Արմեն Աշոտյան (լուսանկարներ)
Բժշկական համալսարանը հերթական անգամ ապացուցում է, որ կրթական նորագույն տեխնոլոգիաների ներմուծողներից է ՀՀ բուհական համակարգում:
Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր էլեկտրոնային գրադարանի սրահի բացման ընթացքում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ էլեկտրոնային լսարանը թույլ է տալու երկու հիմնական նպատակ իրականացնել. առաջինը՝ սովորողների համար հնարավորություն է ընդլայնելու էլեկտրոնային կրթական պաշարների մուտքը, երկրորդը՝ էլեկտրոնային քննությունների հնարավորությունն է:
«Քննությունների օբյեկտիվության բարձրացման հիմնական բաղադրիչներից մեկը մարդկային գործոնի վերացումն է կամ նվազեցումը: Այս տեսակի քննությունը թույլ է տալիս գրեթե վերացնել անմիջական շփումը դասախոսի հետ, կտրուկ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և բարձրացնել օբյեկտիվությունը»,-ասաց նախարարը՝ նշելով, որ բացված լսարանը միայն քննական նպատակներով չի օգտագործվելու, այն նաև՝ ուսուցման գործընթացում:
«Մնում է, որ ուսանողները լիարժեք օգտագործեն այս լսարանը ոչ միայն քննությունների, այլ նաև սովորելու համար»,-ընդգծեց նախարարը:
Աշոտյանն ասաց նաև, թե կա առաջարկություն, գաղափար, որպեսզի ընդունելության քննությունները նույնպես «մի գեղեցիկ օր» անցնեն կոմպյուտերացված համակարգի և երեխաներն իրենց ընդունելության քննությունները հանձնեն բացառապես համակարգչի դիմաց՝ օնլայն ռեժիմով:
Նախնական հետազոտությունն արվել է, և Համաշխարհային բանկի փորձագետների հետ միասին նման ծրագրի իրականացումը Հայաստանում համարվել է իրատեսական:
«Մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար է պետք, որպեսզի այդ համակարգն ամբողջությամբ ներդրվի, բայց կարծում ենք, որ կարելի է մտածել ընդունելության քննությունների բարեփոխումների շրջանակում վերջնականապես անցնել միջազգային լավագույն տարբերակին՝ օնլայն քննություններին և երաշխավորել օբյեկտիվություն»,-հայտարարեց Արմեն Աշոտյանը:













