Արգենտինայում հայ համայնքը բողոքի ցույցի է դուրս եկել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

11:59 • 28.02.15

Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայկական կոտորածների զոհերի հիշատակը ոգեկոչելու և Արգենտինայում ադրբեջանցի դիվանագետների հակահայկական գործողությունների մասին տեղեկցանելու համար բողոքի ցույց է կազմակերպվել Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց:


«Ադրբեջանում ապրող հայերի սպանությունները, հալածանքները, ահաբեկումները և տեղահանությունները մինչև 80¬-ական թվականների վերջերը մարդկության դեմ հանցագործություններ են, որոնց պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջան պետությունը»,¬ -ինչպես հաղորդում է «Արմենպրես»¬ըˋ վկայակոչելով «Agencia Prensa Armenia» գործակալությունը, ասել է Հայ երիտասարդական հիմնադրամի անդամ Արի Ասադուրյանը:


Բողոքի ակցիային մասնակցել են Արգենտինայի հայ համայնքի 300 անդամ, Հայկական հարցը պաշտպանող քաղաքական կազմակերպություններ: Ավելին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Բուենոս Այրեսի հանձնաժողովը օրեր առաջ հայտարարություն է արել, որում ասվում է, որ «աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերը և նրանց ժառանգները պատրաստվում են ոգեկոչել ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած վատթարագույն աղետի հարյուրերորդ տարելիցը»: Ադրբեջանում հայերի կոտորածները «չեն կարող առանձնացվել թուրքական պետության և Հարավային Կովկասում նրա դաշնակիցների խտրական քաղաքականությունից»: