Ապրիլին հանուն արդարության երթ կկազմակերպվի Լոս Անջելեսում
Հայոց ցեղասպանության 100¬րդ տարելիցին «Երթ հանուն արդարության» խորագրով երթ կկազմակերպվի ԱՄՆ հայաշատ Լոս Անջելես քաղաքում: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, երթը կմեկնարկի ապրիլի 24-¬ին «Լիթլ Արմենիա» թաղամասից:
Այդ շրջանը ներկայացնող քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ’ Ֆարելը միջնորդություն է ներկայացրել Հայոց ցեղասպանությանը նվիրված 50 ցուցապաստառներ փակցնել երթուղով, որով պետք է անցնեն ակցիայի մասնակիցները: Սակայն այսքանով Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100¬-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունները չեն սահմանափակվում: Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի առաջին ամերիկահայ անդամ Փոլ Գրիգորյանի հովանու ներքո` «Ամերիկա, մենք շնորհակալ ենք» խորագրով միջոցառում տեղի կունենա Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանումˋ նվիրված «Մերձավոր Արևելքի Նպաստամատույցին», որի շնորհիվ բազմաթիվ հայեր են փրկվել Հայոց ցեղասպանության տարիներին:
Ապրիլին քաղաքային ավտոբուսների վրա կփակցվեն հարյուրերորդ տարելիցին նվիրված արվեստի մրցույթի հաղթողների աշխատանքները: Քաղաքի այգիներում կտնկվի 100 նռնենի: «Այս կերպ Լոս Անջելեսն աննախադեպ հանձնառություն է ցուցաբերում մեր համայնքինˋ պատմելով մեր պատմությունը: Ես հպարտ եմ, որ օգնել եմ այս ամենն իրականացնել»,¬- ասել է Գրիգորյանը:










