Միլոշևիչը նույնպես սպանում էր ընդդիմադիրներին. Սաակաշվիլին Նեմցովի սպանության համար մեղադրում է Պուտինին

12:22 • 28.02.15

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանությանը և ներկայացրել է իր և Նեմցովի վերջին հանդիպման մանրամասները:

 

Սաակաշվիլիի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

«Բորիս Նեմցովին վերջին անգամ հանդիպեցի մի քանի օր առաջ՝ Կիևում: Մենք զրուցում էինք, և նա ինձ պատմեց երթի մասին, որը համախոհների հետ պատրաստվում էր անցկացնել Մոսկվայում:

 

Ես հարցրի՝ չի՞ վախենում արդյոք Ռուսաստանում իր անվտանգության համար՝ հատկապես այժմ:
Նա պատասխանեց, որ Պուտինը գաղափարներով է ապրում, և իրեն, որպես նախկին պաշտոնյա, դժվար թե երկար նստեցնեն:

 

Ես նրան ընդհատեցի ու ասացի, որ նա ավելի շատ պետք է վախենա ձեռքում բռնած կարմիր գինուց թունավորվելուց, քան ձերբակալությունից, և, տեսնելով նրա դեմքի փոփոխությունը, միանգամից հասկացա կատակի անտեղի լինելը:

 

Հետո մենք երկար զրուցեցինք այն մասին, թե ինչպես կավարտի Պուտինը, և համաձայնեցինք, որ նրա պահվածքում շատ նմանություններ կան Միլոշևիչի հետ (Սլոբոդան Միլոշևիչ), որին պատերազմը հայտնի դարձրեց, և դա էլ սպանեց նրան: Այժմ ես հիշեցի, որ Միլոշևիչի ժամանակ նույնպես սպանել են ընդդիմադիրներին:

 

Նեմցովը խիզախ մարդ էր: Նրա հետ հնարավոր էր վիճել ու չհամաձայնել, սակայն հնարավոր չէր անտարբեր մնալ: Նրան գիտեմ 90-ականներից, մենք հաճախ էինք շփվում, հատկապես վերջին տարիներին:

 

Կյանքից հեռացավ այլ ազգերի բարեկամն ու, միաժամանակ, իրական հայրենասեր ռուսը, պարզապես շատ հետաքրքիր մարդ մի երկրում, որը ղեկավարում են չար միջակությունները: Ցավում եմ… »:
 

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է այս գիշեր Մոսկվայի կենտրոնում` Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, 55-ամյա քաղաքական գործչի ուղղությամբ արձակվել է 6 կրակոց, որից 4-ը դիպել է թիրախին: Հայտնի է, որ Նեմցովի սպանության միակ վկան 23-ամյա ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան է, ով այդ գիշեր պատրաստվում էր ընթրել քաղաքական գործչի հետ: