Էստոնիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները
Էստոնիայում այսօր անցկացվում են հերթական խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հայտնում է Հանրապետական ընտրական հանձնաժողովը` 101 տեղի համար հավակնում է 872 թեկնածու, ինչը 83-ով ավելին է, քան 2011թ. ընտրությունների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գրանցված 11 քաղաքական կուսակցություններից իրենց թեկնածուներին են առաջադրել 10-ը: Առաջադրվածների թվում կան նաև 11 անկախ թեկնածուներ:
Ըստ փորձագետների գնահատականի և հարցումների արդյունքների` առաջատար են իշխող կոալիցիայի կազմից Բարեփոխումների կուսակցությունը (վարկանիշ` 26,3%) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (19.4%):
Քվեարկության ընթացքին հետևում է 130 դիտորդ 16 երկրներից: «Ներկայացված են ինչպես հարևան երկրները` Լատվիա, Լիտվա, Ֆինլանդիա, այնպես էլ Էստոնիայից բավական հեռու երկրներ` Չիլի, Կանադա, ԱՄՆ»,-հայտնել են Հանրապետական ընտրական հանձնաժողովում:










