ՀԱԿ-ը մինչ ապրիլի 24-ը զերծ կմնա զանգվածային միջոցառումներ անցկացնելուց. Լևոն Տեր-Պետրոսյան

15:19 • 01.03.15

16.51


ՀԱԿ–ը մինչ ապրիլի 24-ը զերծ կմնա զանգվածային միջոցառումներ անցկացնելուց


Ազատության հրապարակի հանրահավաքում ելույթ ունեցավ նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ով ափսոսանք հայտնեց, որ հերթական անգամ հարկադրված են «նաև արձանագրելու, որ այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու գործը, հակառակ հասարակության, քաղաքական ընդդիմության և միջազգային հանրության անդադրում ջանքերին, այդպես էլ մազաչափ անգամ տեղից չի շարժվել»։


«Թող ձեզ զարմանալի չթվա, բայց վարչախմբից այլ բան չէր էլ կարելի սպասել, որովհետև եթե նա բացահայտեր իր իսկ հրամանով գործված ոճրագործություններն ու պատժեր մեղավորներին, ապա դրանից հետո իրավապահ մարմինների աշխատակիցներն այլևս երբեք չէին ենթարկվի նրա հրամաններին, և բռնապետությունը պարզապես կփլուզվեր»,– ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն ինչ արվելու է մարտի 1-ի ոճրագործությունները կոծկելու, պարտակելու և հասարակության հիշողությունից իսպառ ջնջելու ուղղությամբ։


«Իսկ մոռացված, հետևաբար, ներված ոճրագործությունը, որպես կանոն, ծնում է նոր ոճրագործություն։ Եթե հայ ժողովուրդը 100 տարի շարունակ չհիշեր իր ազգային մեծագույն ողբերգությունը, ապա այդ իրադարձությունը վաղուց ջնջված կլիներ պատմությունից, և Հիտլերը ճիշտ դուրս կգար, երբ հրեաների ցեղասպանությունը ծրագրելիս իր թիմակիցներին ասում էր` թե ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»,– ասաց նա։

Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ վերջին իրադարձություններին՝ նշելով, որ առայժմ զերծ կմնա այդ հարցերի լուսաբանումից, որովհետև իրադարձությունները դեռ այնքան թարմ են, որ երկար մտորումների և հիմնավոր վերլուծության պահանջ են առաջացնում։
 

«Հուսով եմ, դուք էլ, ձեր հերթին, ըմբռնումով կմոտենաք իմ քայլին, քաջ գիտենալով, որ ես հապշտապ դատողություններ անելու և ոտքի վրա որոշումներ կայացնելու սովորություն չունեմ։ Նույն նկատառումով՝ ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած Հայ Ազգային Կոնգրեսին ժամանակ է պետք իր հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու և պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար։ Ըստ այդմ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջիկա երկու ամիսները հագեցած են լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանազան հանրային ծրագրերով՝ Կոնգրեսի ղեկավարությունը որոշել է միառժամանակ, առնվազն մինչև ապրիլի 24-ը, զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից։

 

 

 


 

 



16.33

Մեզ մնում է շարունակել հանրահավաքային ճնշումը. Լևոն Զուրաբյան

Ազատության հրապարակում «Մարտի 1»–ի 7-րդ տարելիցին նվիրված հանրահավաքի ժամանակ  ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, թե Հայոց պատմության մեջ «Մարտի 1–ը» ցավալիորեն արձանագրվել է որպես ազատությունների սահմանափակման օր:

«Երբ կրակեցին սեփական ժողովրդի վրա, արյան մեջ խորտակելով իշխանափոխության մեր պայքարը»,-ասաց նա:

Լևոն Զուրաբյանն անդրադարձավ վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը շարքից հանելու իշխանության քայլին և հավելեց, թե իշխանությունները չեն հասկացել կարևոր մի բան, որ թեև կարող են ինչ-որ քաղաքական ուժեր շարքից դուրս հանել, բայց դա չի փոխում իրողությունը։ «Ժողովուրդն իր վճիռը կայացրել է»,– ասաց նա՝ ավելացնելով, որ իշխող վարչախումբը պետք է հեռանա:

Պատգամավորը նշեց, որ իրենք ոչ միայն պայքարի համար են հավաքվել, ընկերների հիշատակը հարգելու և թափված արյան համար ըմբոստանալու, այլ նաև նոր ռազամավարություն ընտրելու համար: Իսկ դրա համար ըստ նրա՝ նախ պետք է հասկանալ իշխող ռեժիմի ռեսուսներն ու ծրագրերը:

Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե իշխանությունները հասկանում են, որ եթե սահմանադրական փոփոխությունների չգնան, ապա չեն կարող վերարտադրվել: Իսկ դրա համար, ըստ նրա, մնացել է միայն միակ ընդդիմադիր ճամբարը՝ ՀԱԿ-ը:

«Այստեղից մնում է մեզ պահպանել համազգային դիմադրությունն ընդ եմ ռեժիմի, միավորել ժողովրդին, շարունակել հանրահավաքային ճնշումը և պայքարել իրավունքների համար բոլոր ոտնձգությունների դեմ»,- ասաց նա։



16.05

Մարտի 1-ը նախկին դեպքերի անպատժելիության հետևանք է. Ստեփան Դեմիրճյան


ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը այսօր Ազատության հրապարակում «Մարտի 1»–ի 7–րդ տարելիցին նվիրված հանրահավաքի ժամանակ ասաց, որ այդ ոճրագործությունից անցել է 7 տարի և պետք է արձանագրել, որ իշխանություններն այս տարիների ընթացքում արել են ամեն ինչ՝ գործը կոծկելու համար, մինչդեռ լիարժեք բացահայտումը մեր պետության պատվի հարցն է։


«Առ այսօր որևէ մեկը պատասխանատվություն չի կրել քաղաքի կենտրոնում կատարված 10 հանցագործությունների համար։ Ո՞վ է հավատում, որ հնարավոր չէր բացահայտել։ Մարտի 1-ը նույնպես անպատժելիության հետևանք է։ Եթե ժամանակին պատժեին 2004թ-ի ապրիլի 12-ին տեղի ունեցած բռնությունների կազմակերպիչներին ու կատարողներին, չէր լինի մարտի 1-ը»,– ասաց նա։


«Իսկ սրանք ընտրակեղծիքների հետևանք են, դրանք էին հանել ժողովրդին հրապարակ։ Քանի դեռ մեր երկրում իշխանությունը բռնազավթված է, մենք չենք կարող ապահովագրված լինել նոր մարտի 1-ից»,- ասաց նա։


Ստեփան Դեմիրճյանն ընդգծեց, որ իրականում հարցերի հարցն այն է, որ իշխանությունը պետք է ձևավորի ժողովուրդը ազատ ու անկախ ընտրությունների միջոցով։


«Կեղծում են ընտրությունները, հետո խոսում են Սահմանադրության ու սահմանադրական փոփոխությունների մասին։ Բայց այն վիճակում, որ հայտնվել է երկիրը, պայմանավորված է Սահմանադրության ոտնահարմամբ։ Կարելի է բանավիճել, թե որն է ավելի արդյունավետ կառավարման միջոց, բայց իմաստը ո՞րն է, եթե իշխանությունը բռնազավթում են։ Փաստարկներ են բերում, թե նախագահական ընտրությունները լարվածություն  են բերում, բայց եթե չկեղծեն լարվածություն չի առաջանա»,-ասաց նա։


ՀԱԿ պատգամավորը նաև նշեց, որ մարտի 1-ի էջը փակված չէ. «Չենք կարող համակերպվել այս ամենի հետ, պայքարելու ենք հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի»։


 



15.52


Գևորգ Կոստանյանը մեզ խոսք է տվել, որ «Մարտի 1»–ի հանցագործությունները կբացահայտվեն. Սարգիս Քլոյան
 

Ազատության հրապարակում «Մարտի 1»-ի 7-րդ տարելիցին նվիրված հանրահավաքում այսօր ելույթ ունեցավ 2008թ-ի մարտի 1-ի 10 զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը, ով անդրադարձավ այս յոթ տարիների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության գործունեությանը՝ ասելով, որ 7 տարվա ընթացքում հանցագործություններից և ոչ մեկը չի բացահայտվել։
 

Սարգիս Քլոյանը նշեց, որ երբ նախորդ տարի փոխվեց ՀՀ գլխավոր դատախազը և պաշտոնը զբաղեցրեց Գևորգ Կոստանյանը, իրենք դիմել են նրան ու հարցրել՝ բացահայտելու է սպանությունները, թե ոչ։
 

«Նա մեզ տղամարդավարի խոսք տվեց՝ սայլը տեղից կշարժվի։ Հետո ցույց տվեց ճանապարհային քարտեզ ու ցույց տվեց, որ գործը գտնվում էր մեկ քննիչի ձեռքում, հիմա առանձնացվել են գործերը՝ նրանք ովքեր զոհվել են ատրճանակից, հրացանից և այլն»,–ասաց նա։
 

«Ինձ երկու շաբաթ առաջ հրավիրեցին ՀՔԾ։ Ներկայացա և տեսա մի նոր, բոլորովին անծանոթ քննիչի, հետաքրքրվեցինք, թե ինչ են եղել նախորդ երկուսը, ասաց, որ նրանք գործի հետ այլևս գործ չունեն։ Ասացի երկու անգամ հարցաքննվել եմ, նորի՞ց քննություն է լինելու։ Ես հարցերից հասկացա, որ ժամանակ է ձգձգվում, միգուցե, մի երկու ամիս հետո մի նոր քննիչ բերեն, որ էլի ձգձգեն»,- ասաց նա։
 

Սարգիս Քլոյանն ընդգծեց, որ ընդամենը մի քանի ամիս հետո զոհվածների ծնողներով գնալու են Գևորգ Կոստանյանի մոտ՝ պահանջելու խոստման կատարումը։
 

«Գնալու ենք ու ասենք՝ ի՞նչ եղավ ձեր տղամարդավարի խոսք տվածը։ Իրականում մենք բոլորս էլ հույսներս կտրել ենք, կլինի իշխանափոխություն, կբացահայտվի նաև մեր որդիների ապանությունները»,-ասաց նա։
 




Երևանի «Ազատություն» հրապարակում մեկնարկել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կողմից հրավիրված հանրահավաքը՝ նվիրված 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի 7-րդ տարելիցին։


Նշենք, որ ողբերգական իրադարձություններից հետո ՀԱԿ-ն ամեն տարի այս օրը հրավիրում է հանրահավաք, որից հետո մեկնարկում է երթ դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ մասնակիցները ծաղիկներ են դնում ի հիշատակ 10 զոհերի։


Հանրահավաքին ներկա է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։



Առաջին ելույթի հնարավորությունը ՀԱԿ պատգամավոր, հանրահավաքը վարող Արամ Մանուկյանինն էր, ով հիշեցրեց 7 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը, թե ինչպես իշխանությունները հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա, ձերբակալվեցին հազարավոր մարդիկ, բանտերում 150 քաղբանտարկյալներ հայտնվեցին, 100-ավոր մարդիկ հաշմանդամ դարձան և ունեցանք առնվազն 10 զոհ:
 

Արամ Մանուկյանը նշեց, որ 7 տարի է հավաքվում են և պահանջում արդարադատություն: Այնուհետև նա առանձին–առանձին արտասանեց 10 զոհերի անունները և մեկ րոպե լռությամբ կոչ արեց հարգել զոհերի հիշատակը: Նա նաև կարդաց 10 զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի նամակը, որը գրել է Բելգիայից։