Գևորգ Կոստանյանը մեզ խոսք է տվել, որ «Մարտի 1»–ի հանցագործությունները կբացահայտվեն. Սարգիս Քլոյան

15:55 • 01.03.15

Ազատության հրապարակում «Մարտի 1»-ի 7-րդ տարելիցին նվիրված հանրահավաքում այսօր ելույթ ունեցավ 2008թ-ի մարտի 1-ի 10 զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը, ով անդրադարձավ այս յոթ տարիների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության գործունեությանը՝ ասելով, որ 7 տարվա ընթացքում հանցագործություններից և ոչ մեկը չի բացահայտվել։


Սարգիս Քլոյանը նշեց, որ երբ նախորդ տարի փոխվեց ՀՀ գլխավոր դատախազը և պաշտոնը զբաղեցրեց Գևորգ Կոստանյանը, իրենք դիմել են նրան ու հարցրել՝ բացահայտելու է սպանությունները, թե ոչ։


«Նա մեզ տղամարդավարի խոսք տվեց՝ սայլը տեղից կշարժվի։ Հետո ցույց տվեց ճանապարհային քարտեզ ու ցույց տվեց, որ գործը գտնվում էր մեկ քննիչի ձեռքում, հիմա առանձնացվել են գործերը՝ նրանք ովքեր զոհվել են ատրճանակից, հրացանից և այլն»,–ասաց նա։


«Ինձ երկու շաբաթ առաջ հրավիրեցին ՀՔԾ։ Ներկայացա և տեսա մի նոր, բոլորովին անծանոթ քննիչի, հետաքրքրվեցինք, թե ինչ են եղել նախորդ երկուսը, ասաց, որ նրանք գործի հետ այլևս գործ չունեն։ Ասացի երկու անգամ հարցաքննվել եմ, նորի՞ց քննություն է լինելու։ Ես հարցերից հասկացա, որ ժամանակ է ձգձգվում, միգուցե, մի երկու ամիս հետո մի նոր քննիչ բերեն, որ էլի ձգձգեն»,- ասաց նա։


Սարգիս Քլոյանն ընդգծեց, որ ընդամենը մի քանի ամիս հետո զոհվածների ծնողներով գնալու են Գևորգ Կոստանյանի մոտ՝ պահանջելու խոստման կատարումը։


«Գնալու ենք ու ասենք՝ ի՞նչ եղավ ձեր տղամարդավարի խոսք տվածը։ Իրականում մենք բոլորս էլ հույսներս կտրել ենք, կլինի իշխանափոխություն, կբացահայտվի նաև մեր որդիների ապանությունները»,-ասաց նա։