Մարտի 1-ը նախկին դեպքերի անպատժելիության հետևանք է. Ստեփան Դեմիրճյան
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը այսօր Ազատության հրապարակում «Մարտի 1»–ի 7–րդ տարելիցին նվիրված հանրահավաքի ժամանակ ասաց, որ այդ ոճրագործությունից անցել է 7 տարի և պետք է արձանագրել, որ իշխանություններն այս տարիների ընթացքում արել են ամեն ինչ՝ գործը կոծկելու համար, մինչդեռ լիարժեք բացահայտումը մեր պետության պատվի հարցն է։
«Առ այսօր որևէ մեկը պատասխանատվություն չի կրել քաղաքի կենտրոնում կատարված 10 հանցագործությունների համար։ Ո՞վ է հավատում, որ հնարավոր չէր բացահայտել։ Մարտի 1-ը նույնպես անպատժելիության հետևանք է։ Եթե ժամանակին պատժեին 2004թ-ի ապրիլի 12-ին տեղի ունեցած բռնությունների կազմակերպիչներին ու կատարողներին, չէր լինի մարտի 1-ը»,– ասաց նա։
«Իսկ սրանք ընտրակեղծիքների հետևանք են, դրանք էին հանել ժողովրդին հրապարակ։ Քանի դեռ մեր երկրում իշխանությունը բռնազավթված է, մենք չենք կարող ապահովագրված լինել նոր մարտի 1-ից»,- ասաց նա։
Ստեփան Դեմիրճյանն ընդգծեց, որ իրականում հարցերի հարցն այն է, որ իշխանությունը պետք է ձևավորի ժողովուրդը ազատ ու անկախ ընտրությունների միջոցով։
«Կեղծում են ընտրությունները, հետո խոսում են Սահմանադրության ու սահմանադրական փոփոխությունների մասին։ Բայց այն վիճակում, որ հայտնվել է երկիրը, պայմանավորված է Սահմանադրության ոտնահարմամբ։ Կարելի է բանավիճել, թե որն է ավելի արդյունավետ կառավարման միջոց, բայց իմաստը ո՞րն է, եթե իշխանությունը բռնազավթում են։ Փաստարկներ են բերում, թե նախագահական ընտրությունները լարվածություն են բերում, բայց եթե չկեղծեն լարվածություն չի առաջանա»,-ասաց նա։
ՀԱԿ պատգամավորը նաև նշեց, որ մարտի 1-ի էջը փակված չէ. «Չենք կարող համակերպվել այս ամենի հետ, պայքարելու ենք հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի»։










