Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

12:16 • 03.03.15

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N  զորամասի շարքային Արսեն Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։


Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը:


ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։


02.03.2015թ.՝ ժամը 20:50-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում դեմքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Կարապետյանը:


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, կատարվում է նախաքննություն: