Ժամանակին կոալիցիայի մեջ եղած ուժերը ևս կրում են պատասխանատվություն. Ալեն Սիմոնյան
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանն այսօր մամուլի ասուլիսին նկատեց, որ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի` իշխանության մեջ գտնվելու ժամանակ ևս եղել են քաղբանտարկյալներ, և ԲՀԿ-ն ևս ունի իր պատասխանատվության բաժինը, քանի որ կազմել է կոալիցիայի մաս, ունեցել է նախարարներ:
Tert.am-ի հարցին, թե կարելի՞ է նույնն ասել նաև «Օրինաց երկիր» կուսակցության մասին, նա ասաց, որ բնականաբար համարում է, որ ՕԵԿ-ը ևս ունի պատասխանատվության իր բաժինը, թեև կարծում է, որ ՕԵԿ-ը մաքսիմալ ազնիվ է եղել և չի միացել եռյակին:
ՕԵԿ-ներկայացուցիչ, ՕԵԿ մամուլի խոսնակն Արթուր Միսակյանն էլ նշեց, որ ՕԵԿ-ը երբեք չի խուսափել պատասխանատվության իր բաժնից:
«Մեր գործողությունների համար մենք կրել ենք պատասխանատվություն»,-ասաց նա: Նա նշեց, որ ՕԵԿ-ը 2008 թվականի մարտի մեկի հետ կապ չունի, քանի որ չի եղել իշխանության մաս:
Արթուր Միսակյանը նշեց, որ քառյակը կամ եռյակը փակ «կլուբ» չէր, և երբեք իրենց օրակարգում դրված չի եղել՝ միանալ նրանց, թե ոչ: Նա նշեց, որ պատահել է, երբ իրենք և եռյակի մաս կազմող քաղաքական ուժերը ունեցել են միանման դիրքորոշում, ինչը արտահայտվել է խորհրդարանական քվեարկություններում:
«ՕԵԿ-ը հաստատեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժ է»,-ասաց նա և նշեց, որ ՕԵԿ-ի գնահատականը տալիս է հասարակությունը, որն արտահայտվել է վերջին հինգ պառլամենտական ընտրություններում։
«Հաջորդ խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ը նորից արժանանալու է հայ հասարակության քվեին»,-ասաց նա:










