Հունվար-փետրվարին սոցիալական աջակցություն է ցուցաբերվել 21 անօթևանի. Երևանի քաղաքապետարան

16:32 • 03.03.15

Շարունակվում է մայրաքաղաքի անօթևանների հավաքագրման, ժամանակավոր կացարանում տեղավորման և նրանց սոցիալական աջակցության ցուցաբերման գործընթացը։


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։


Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների  համատեղ  աշխատանքի արդյունքում, ընդհանրական տվյալներով, 2015թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում սոցիալական աջակցություն է ցուցաբերվել թվով 21 անօթևանի:


Նրանցից 14-ը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված մեկ անձ, տեղափոխվել են անօթևանների ժամանակավոր կացարան։ 


Բացի այդ, հայտնաբերված  2 անօթևան տեղափոխվել են հոգեբուժական հաստատություններ, մեկը՝ ստացիոնար բժշկական գիտական կենտրոն, որտեղ բուժումը ստանալուց հետո կտեղափոխվի կացարան, մեկին հաշտեցրել են ընտանիքի հետ և վերադարձրել տուն, երկուսին բնակեցրել են  ծանոթների մոտ, մեկի բնակության խնդրի կարգավորման ուղղությամբ տարվում են աշխատանքներ։


Ծրագրի առանձնահատկությունից ելնելով՝ քաղաքապետարանը համագործակցում  է ոստիկանության  և սոցիալական մասնագիտացված հաստատությունների հետ։


Ներկայում  Վարդաշենում գտնվող հայ-դանիական  «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի   անօթևանների  ժամանակավոր  կացարանում գտնվում  է 98 անձ, որոնցից  10-ը  քրեակատարողական հիմնարկներից  ազատվածներ  են։