Եթե լինի քաղաքական կամք, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը կարող է աշխատել. Վարուժան Հոկտանյան

13:29 • 03.03.15

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի արդյունավետությունը նրանում է, որ այն ոչ միայն այդ խորհրդից է կազմված լինելու, այլև փորձագիտական հանձնախումբ և մոնիտորինգային խումբ է ունենալու, նրա մեջ մտնելու են հասարակական կազմակերպություններ, Հանրային խորհրդից ներկայացուցիչներ, ինչպես նաև պատգամավորներ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից:


«Մեդիա կենտրոնում» հրավիրված  «Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհրդի ձևավորման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն հ/կ տնօրեն Վարուժան Հոկտանյանը:


«Փորձ է արվում ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի համար»,-հայտարարեց Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ իր գնահատմամբ,  այն չի աշխատի, եթե չլինի դիսկուսիա:


Միևնույն ժամանակ Հոկտանյանն ասաց, թե եթե լինի քաղաքական կամք, խորհուրդը կարող է աշխատել, սակայն ինքն այժմ այն չի տեսնում:


Քննարկմանը մասնակից ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն էլ ասաց, որ իր անձնական կարծիքով` լավ է, որ եվրոպական մոդելի վրա է ստեղծված խորհուրդը:


«Նմանատիպ խորհուրդներ մենք ունեցել ենք, փորձ եղել է 2003 թվականից, երբ Հայաստանում ընդհանրապես հակակոռուպցիոն բառը օգտագործվեց, բայց միասնական կոորդինացումը, ինստիտուցիոնալ մոտեցումը բացակայում է: Այստեղ երկու էլեմենտ է ավելացել, բայց թե ինչպիսի կապեր են լինելու, և խորհուրդը ինչեր է անելու, դեռ պարզ չէ: Վախենում եմ, որ սա ևս կմնա թղթի վրա՝ որպես գեղեցիկ մի քայլ»,-ասաց Թևան Պողոսյանը:


Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, թե իմաստ չկա Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ինստիտուտներ, որոնք, ինչպես կյանքը ցույց է տվել, չեն գործում:


«Մենք կողմնակից ենք, որ Հայաստանում ստեղծվի անկախ մի մոդել, որը հակակոռուպցիոն պրոպագանդայով զբաղվի, ուսումնական և վերլուծական աշխատանքներ տանի»,-նշեց Մարատ Ատովմյանը: