Դավութօղլուն Բահչելիին հիշեցրել է Տեր-Պետրոսյան-Թյուրքեշ հանդիպման մասին

13:27 • 03.03.15

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել է քրդական հարցի լուծման առնչությամբ իշխանություններին քննադատող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին, գրում է hurriyet.com.tr-ը։

 

«Նա գոհ կլինի՞, եթե զինված պայքար ծավալվի: Թուրքիան էլ, եթե Սիրիայի նման տարբեր խմբավորումների միջև մարտերի վայրի վերածվի, գոհ կլինի՞»,- հարցրել է Դավութօղլուն:

 

Նա Բահչելիին հիշեցրել է թուրք ազգայնական գործիչ, Բահչելիի կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի օրինակը, երբ նա հանդիպել էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

 

«Թյուրքեշն ամենադժվար պահին Հայաստանի նախագահի հետ էր հանդիպել: Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռ մարտերը շարունակվում էին: Արդյոք դա նշանակո՞ւմ էր Հայաստանի պահանջների առաջ խոնարհվել: Ո՛չ, դա պետական մարդու քայլ էր»,-ասել է նա:

 

Նա նշել է, թե իր առաջարկի այլընտրանքը զենքերը վայր չդնելն է: