Forbes-ում բացատրել են, թե ինչու Պուտինը չի հայտնվել միլիարդատերերի ցանկում

17:28 • 03.03.15

Հեղինակավոր Forbes ամսագրի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա ցանկում է ընդգրկվել 1.826 միլիարդատեր, որոնց կարողությունն ընդհանուր կազմել է 7,05 տրիլիոն դոլար:

 

Ցանկում չի ընդգրկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչը տարատեսակ քննարկումների առիթ է դարձել, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով ամերիկյան Newsweek շաբաթաթերթին:

 

Forbes-ը ցանկից բացառում է թագավորական ընտանիքների անդամներին, ինչպես նաև «բռնապետերին, որոնք իրենց կարողությունը ձեռք են բերել բացառապես իշխանության լինելու արդյունքում», նշում է հոդվածի հեղինակը:

 

«Վլադիմիր Պուտինը չկա ցանկում, քանի որ մենք չենք կարողացել համոզվել, որ նրան են պատկանում 1 միլիարդ և ավելի դոլար արժողությամբ ակտիվները»,- հայտնել է Forbes-ի մամուլի քարտուղար և խմբագրի օգնական Քերի Դոլանը՝ ընդ որում ուղղակիորեն չմեկնաբանելով, թե արդյոք ամսագիրը Պուտինին բռնապետ է համարում, թե ոչ:

 

«2010 թվականին Bureau of Investigative Journalism-ը մանրամասն հետազոտել է Ռուսաստանի նախագահի եկամուտները և հայտնաբերել, որ պաշտոնական տվյալներով՝ նա և իր կինն այդ ժամանակ բանկում ունեցել են կես միլիոն դոլարից քիչ գումար: Այդ հետաքննության համաձայն՝ Պուտինի աշխատավարձը կազմել է տարեկան ընդամենը 140 հազար դոլար»,- գրում է հեղինակը:

 

«Այնուամենայնիվ, երբ խոսքը հասնում է սեփականությանը, ապա Պուտինին են պատկանում պալատներ և զբոսանավեր, և նա ստացել է բազմաթիվ նվերներ, ինչպես, օրինակ, 200 հազար դոլարանոց ժամացույց: Ռուսաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել բյուրոյին, թե արդյոք այդ օբյեկտները հանդիսանում են նախագահի կամ պետության սեփականություն»,- նշում է թերթը: