Պակիստանում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներին ընդդիմացող մոտ 500 ծնող է ձերբակալվել
Պակիստանի հյուսիս-արևմուտքում 471 մարդ է ձերբակալվել, որոնք սնահավատությունների պատճառով չեն թույլատրել իրենց երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստում անել, գրում է Reuters-ը։
Թե որքան ժամանակ են ծնողները ձերբակալված մնալու՝ չի նշվում։
Պակիստանում շատերը սնահավատություններ ունեն՝ կապված տարատեսակ պատվաստումների հետ, նրանք կարծում են, որ, օրինակ, պոլիոմիելիտի դեմ պատվաստումը կարող է հանգեցնել իրենց երեխաների անպտղությանը։
Այս տարվա հունվարին Պակիստանի իշխանությունները որոշել էին պատվաստել 35 միլիոն երեխայի։
Նշվում է, որ բուժաշխատողներին «Թալիբան» շարժման անդամներն առևանգում և սպանում են, քանի որ գտնում են, որ բժիշկներն Արևմուտքի հատուկ ծառայությունների համար են աշխատում։










