ԲՀԿ-ն դեռևս վերջնական որոշում չունի, թե ինչպես կքվեարկի «Շրջանառության հարկի» փոփոխված օրենքին

15:49 • 03.03.15

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքով՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագծի հիմքում կան և՛ լավ, և՛ վատ բաներ:


«Լավ է, որ երկար պայքարից հետո ընդունվեց տարբերակված և կամավոր մոտեցումը, որ որևէ ներկայացուցիչ ինքն է ընտրում՝ փաստաթղթավորված աշխատանք՝ մեկ տոկոս հարկմամբ կամ ոչ փաստաթղթավորված՝ այլ տոկոսով»,-ասաց նա և հավելեց, որ դրական են նաև ստվերից դուրս գալու տնտեսական խթանները:


«Բացասական բան ևս կա օրենքի մեջ. դա այն է, որ այնուամենայնիվ տեղի է ունեցել հարկային տոկոսադրույքի բարձրացում՝ 3.5-5%»,-շեշտեց նա:


Մարգարյանը ողջունելի համարեց, որ կառավարությունը գնաց զիջումների՝ ի օգուտ բողոքողների:


«Ես կարծում եմ, որ ստվերի դեմ պայքարը լավ բան է, բայց դա չպետք է լինի փոքր և միջին ձեռնարկությունների հաշվին, չպետք է լինի նրանց դեմ հանելով խոշորի դեմ պայքարի: Այսօր կառավարությունն ունի այս բնագավառում լուծելու հիմնական ու կարևոր հարց»,-ասաց ԲՀԿ պատգամավորը:


Ըստ նրա՝ դա խոշորի կողմից ապրանքները փաստաթղթով բաց թողնելն է. այդ պարագայում արդեն անիմաստ է առանց թղթի աշխատելը։

Նա խմբակցության անունից հայտարարեց, որ դեռևս վերջնական որոշում չկա, և վաղը քվեարկությունից առաջ կհայտարարեն իրենց որոշման մասին: