Նրանք այդ գումարի կարիքն ունե՞ն. Զ. Փոստանջյանը՝ ՀՀ պաշտոնաթող նախագահներին կենսաթոշակ սահմանելու մասին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե նման չափի կենսաթոշակ սահմանելու համար արդյոք հաշվի առե՞լ են՝ նրանք այդ գումարի կարիքն ունե՞ն, թե ոչ:
«Որքան գիտեմ՝ բարեկեցիկ են ապրում։ Հաշվի առնելով, որ 1 մլն-ից ավելի մարդ աղքատության մեջ է ապրում, ինչո՞ւ եք այս նախագիծն արտահերթով բերել»,-հարցրեց նա և ապա հավելեց, թե միգուցե ցանկանում են երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղարկել թոշակի: Նա նաև հարցրեց, թե որքան է կազմելու այդ գումարը 10 տարվա կտրվածքով:
Նախարարը նշեց, որ այնպես չէ, որ նոր է առաջարկվում կենսաթոշակ սահմանել պաշտոնաթող նախագահի համար և հավելեց, թե այս օրենքն ըստ էության 96թ.-ից գործում է, ուղղակի այս դեպքում սահմանված տարիքի՝ 70-ի փոխարեն դառնում է ցմահ:
Ինչ վերաբերում է բարեկեցիկ ապրելուն, ապա, ըստ նախարարի, սա սոցիալական աջակցության ձև չէ, այլ նախագահի ինստիտուտի համար է սահմանված և որն ընդունված է քաղաքակիրթ աշխարհում:
Իսկ թե ինչքան է կազմում մինչ այսօր վճարված կենսաթոշակի գումարը և արդյոք նախագահներից դիմում չի եղե՞լ՝ չվճարելու խնդրանքով, նախարարը նշեց, որ նախագահի թոշակը ներկայումս կազմում է 320 հազար դրամ:










