Ռուսաստանն ու Բելառուսը հակաճգնաժամային համատեղ պլան են ստորագրել
Ռուսաստանի և Բելառուսի դաշնային միության բարձրագույն պետխորհրդի նիստի շրջանակում, որը կայացել է Մոսկվայում մարտի 3-ին, կողմերը ստորագրել են միջոցառումների միջպետական պլան, որը նախատեսում է առևտրատնտեսական համագործակցության զարգացման լրացուցիչ պայմանների ստեղծում։
Փաստաթուղթը ստորագրել են 2 երկրների կառավարությունների ղեկավարները՝ Դմիտրի Մեդվեդևը և Անդրեյ Կոբյակովը, գրում է Deutsche Welle-ն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ վերջին շրջանում «համաշխարհային ոչ բարենպաստ պայմանների ազդեցության, նավթի գնի անկման, արժույթների փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառով» նկատվում է համատեղ առևտրի ծավալների կրճատում։
2014-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել է գրեթե 5%-ով՝ ի տարբերություն նախորդ տարվա, և կազմել է 37 մլրդ դոլար։ Միջոցառումների պլանի մանրամասները, որոնք ՌԴ ղեկավարն անվանել է հակաճգնաժամային համատեղ պլան, չեն հաղորդվում։
Բացի այդ, Մոսկվան և Մինսկը ստորագրել են մի շարք միջկառավարական համաձայնագրեր։










