Կա՛մ բարեփոխումներ, կա՛մ միությունից դուրս գալ. Մեծ Բրիտանիան վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին
Մեծ Բրիտանիան կմնա Եվրամիությունում միայն Բրյուսելի վարած քաղաքականության մեջ «լուրջ փոփոխությունների» դեպքում: Նման հայտարարությամբ է երեքշաբթի օրը՝ մարտի 3-ին, հանդես եկել թագավորության արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը, գրում է korrespondent.net-ը:
«Վերջին 20 տարվա ընթացքում ինչ-որ մի ժամանակահատվածում Եվրամիությունը շեղվել է իր ուղեգծից և այժմ շարժվում է սխալ ուղղությամբ: Որպեսզի հանրությանը հետ բերվի ուղեգծի վրա, անհրաժեշտ են բարեփոխումներ և գոյություն ունեցող համաձայնագրերի վերանայում»,- նշել է նա:
Համոնդի խոսքով՝ Մեծ Բրիտանիան պետք է օգտագործի Եվրամիության կառուցվածքը փոխելու հնարավորությունը, որպեսզի դրան անդամակցությունը երկրին շահեկան լինի:
«Գործընկերների ճնշող մեծամասնությունը ցանկանում է, որ մենք մնանք այդ համայնքի մասնակից: Այնուամենայնիվ, դրա համար Բրյուսելը պետք է գնա իր քաղաքականության լուրջ փոփոխությունների»,- ընդգծել է թագավորության արտաքին գործերի նախարարը:
Ինչպես հիշեցնում է korrespondent.net-ը, Եվրամիությունը պատրաստվում է սկսել ինտեգրման նոր փուլ, որը նպատակ ունի մշակել միասնական տնտեսական քաղաքականություն և եվրոգոտու երկրների դաշնային տնտեսական կառավարության ստեղծում: Լոնդոնը, սակայն, չի պատրաստվում մասնակցել համապատասխան լիազորությունները Եվրամիության կենտրոնական կառույցներին փոխանցելուն:
Ավելին, Մեծ Բրիտանիան մտադիր է դուրս գալ Եվրամիության ընդհանուր մի շարք ոլորտներից, որպեսզի ուժեղացնի ազգային խորհրդարանի դիրքերը:










