ԶԼՄ-ները տեղեկացել են Նեմցովի սպանության գործով ՌԴ ֆինանսների նախարարության ավտոմեքենայի որոնման մասին
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետաքննությունը վարող իրավապահները որոնում են երկրի ֆինանսների նախարարության ավտոմեքենաներից մեկը, գրում է lenta.ru-ն:
Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, զննելով տեսախցիկներից ստացված ձայնագրությունները՝ քննիչներն ուշադրություն են դարձրել «Ֆորդ» մակնիշի մուգ ավտոմեքենայի վրա, որը երեք անգամ անցել է սպանության վայրի մոտով:
Բացի այդ՝ մեքենան եղել է Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա՝ երկրորդ շարքում, այն պահին, երբ սպանել են ընդդիմադիր գործչին:
LifeNews-ի տվյալներով՝ քննիչները պարզել են, որ մեքենան գրանցված է Ֆինանսների նախարարության սոցիալական և գիտության ոլորտում բյուջետային քաղաքականության բաժնի տնօրենի տեղակալ Յուլյա Լոմեյկոյի անունով: Նրան ծառայողական գործերով տեղափոխում է վարորդը: Սակայն սպանության գիշերը Լոմեյկոն ավտոմեքենայում չի եղել:
Քննիչները փնտրում են նաև մեքենան, որով հեռացել են հանցագործները: Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովին սպանել են փետրվարի 27-ի երեկոյան՝ Մոսկվայի կենտրոնում:










